Home » Եզդիական սփյուռք » Ռուստամ Մախմուդյանը այցելել է Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղ

Ռուստամ Մախմուդյանը այցելել է Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղ

Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի գյուղապետարանում այսօր սովորականից մի փոքր անսովոր եռուզեռ էր: Այստեղ եզդի համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի և նրա տեղակալ Սիաբանդ Սադոյանի գլխավորությամբ՝ դիմավորում էին պատգամավորության թեկնածու Ռուստամ Մախմուդյանին:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո, նոր ձևավորվող խորհրդարանում պետք է ընդգրկված լինեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ռուստամ Մախմուդյանն առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով: Նա ակունքներով Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղից է: Մասնագիտությամբ իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Մասնագիտական գործունեություն ծավալել է՝ ի թիվս մի շարք պետական մարմինների նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, միևնույն ժամանակ շարունակելով գիտամանկավարժական գործունեությունը ԵՊՀ և այլ մասնագիտական բուհերում:

Եզդիական համայնքի ներկայացուցիչները երբեք էլ չեն թաքցրել, որ իրենք սատարել և սատարում են իշխանություններին, և նրանց համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումներից հետո՝ համայնքի ներկայացուցիչ ունենալը ևս մեկ անգամ կնպաստի բարձրաձայնել համայնքին մտահոգող և կարևոր խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում գյուղապետի տեղակալ Սիաբանդ Սադոյանը համոզմունք հայտնեց, որ Ռուստամ Մախմուդյանի ընտրվելուց հետո եզդիական համայնքին հուզող հարցերը գրագետ ու պատշաճ կերպով կբարձրաձայնվեն ՀՀ Խորհրդարանում:

«Նա մեր ազգի թեկնածուն է, և մեր պարտքն է այսօր նրան սատարելը, որպեսզի մեր բոլոր հարցերը կարգավորվեն: Եթե մենք այսօր Խորհրդարանում չունենք մեր ներկայացուցիչը, մեր ցավերի մասին մենք ենք ստիպված բարձրաձայնում, բայց Ռուստամ Մախմուդյանի ընտրվելուց հետո վստահ ենք, որ դրանք ավելի շուտ տեղ կհասնեն»,- հավելեց Ս. Սադոյանը:

Ի դեպ՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները նախընտրում են ազգակցի հետ շփվել մայրենի լեզվով, իսկ Ռ. Մախմուդյանը շատ ազատ և առանց կաշկանդվելու խոսում էր ինչպես հայերեն, այնպես էլ մայրենի լեզվով: Նկատենք, որ այս գյուղի բնակիչներին մտահոգող խնդիրները վերաբերում էին ոչ միայն ազգային ինքնությանն ու ազգապահպանությանը, այլև սոցիալական, իրավական ու կրթական հարցերին:Ռուստամ Մախմուդյանը լսելով դրանք՝ բոլորն էլ կարևորեց, խոստանալով ընտրվելու դեպքում անպայման հետամուտ լինել:

«Ֆերիկ գյուղը տարիներ շարունակ հանդիսանում է այս տարածաշրջանի միակ եզդիաբնակ գյուղը: Իհարկե, այս մարզում կան նաև ավելի մեծ գյուղեր, որտեղ եզդիների թիվը մեծ է, բայց միևնույն է, Ֆերիկը շարունակում է մնալ համայնք, որը բնակեցված է բացառապես եզդիներով»,- ասաց նա:

Ռ. Մախմուդյանը ընդգծեց նաև, որ իր մասնագիտական գործունեության ընթացքում հաճախ է շփվել երիտասարդների հետ, որոնց հուզող խնդիրներն առավել քան կարևոր են, սակայն կարծում է, որ մեկին կամ մի քանիսին օգտակար լինելով, համայնքին հուզող խնդիրներները չեն լուծվի:

«Մեր նպատակն է, որպեսզի 2017 թվականին Խորհրդարանն ունենա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ովքեր իրավամբ կկարողնան այս կամ այն ձևով բարձրաձայնել այդ մարդկանց շահերը: Եթե մենք բոլորս մտածենք, որ իմ Խորհրդարան գնալով մեր բոլոր խնդիրները հարյուր տոկոսով լուծվելու են, ապա դա նշանակում է՝ ես ձեզ ուզում եմ խաբել կամ մոլորեցնել, սակայն ուզում եմ ձեզ հավաստիացնել նաև, որ կփորձեմ յոթ հարցերից գոնե մեկ կամ երկուսին պատշաճ լուծում տալ: Ինձ այսօր շատ են մտահոգում որոշ խնդիրներ և մասնավորապես այնպիսիք, որոնք վերաբերում են իրավական հարցադրումներին: Դրանք նաև մեր ագային ինքնության ու պահպանության կարևորագույն հարցերն են, որոնք կոնկրետ ինձ համար առաջնային են»,- ասաց թեկնածուն՝ հավելելով նաև, որ այսօր կան մարդիկ, ովքեր եզդիական համայնքին փորձում են ներկայացնել իրենց պատկերացումներով, մինչդեռ եկել է ժամանակը, որպեսզի համայնքը ներկայանա իր ազգային դեմքով:

«Ես ցավում եմ, որ այսօր շատ եզդիական համայնքներում եզդի ուսանողներ չունենք, ովքեր մեր վաղվա ապագան են և, ովքեր լավ կրթություն ստանալու դեպքում կկարողանան ներկայացնել մեր ժողովրդի շահերը: Այսօր ժողովուրդներին ճանաչում են այն անձանց շնորհիվ, ովքեր տարբեր հարթակներում պատշաճ են հանդես գալիս: Մենք պետք է ունենանք այնպիսի անհատներ, որոնց շնորհիվ մեր ժողովուրդը ճանաչելի կդառնա: Ամեն մարդու գնահատում են իր կատարած աշխատանքով ու արած գործերով: Ճիշտ է, լավ կրթություն ստանալու համար անհրաժեշտ միջոցներ են պետք, բայց ցավոք, շատ դեպքերում սոցիալական խնդիրները անձանց հետ են պահում լավ կրթություն ստանալու իրավունքից, իսկ դրանք խնդիրներ են, որոնք ծառացած են ոչ միայն եզդիների, այլ ՀՀ բոլոր քաղաքացիների առջև»,– եզրփակեց նա:

Ezidimedia.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Եզդիների Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Ստորև նշված է <<Եզդիների Կոնգրես>> միավորման դիրքորոշումը Էզդիխանայի պաշտպանության ուժերի (HPE – Hèza Parastina Ezdixan) ...