Home » Եզդիական սփյուռք » Ռուստամ Մախմուդյանի հանդիպումը ընտրողների հետ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում

Ռուստամ Մախմուդյանի հանդիպումը ընտրողների հետ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում

ՀՀԿ պատգամավորության թեկնածու Ռուստամ Մախմուդյանի քարոզարշավի հաջորդ կանգառն հայրենի Ալագյազ գյուղն էր: Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը եկել էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանն, ուստի այստեղ ոգևորությունն էլ ավելի մեծ էր. թեկնածուներին սատարելու և աջակցելու ակնկալիքով էին եկել մեծից փոքր՝ տղամարդ, թե կին…Հանդիպմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները: Ողջունելով ներկաներին՝ պատգամավորության թեկնածու Ռուստամ Մախմուդյանը կոչ արեց ապրիլի երկուսին կատարել գիտակցված ընտրություն և ձայնը տալ իշխող ՀՀԿ-ին, որով նրանք կսատարեն նաև իրեն: Նա հայտարարեց, որ ինքը եղել է բոլոր այն մարզերում, որտեղ ապրում են եզդիական համայնքի ներկայացուցիչներ և հավելեց, որ բոլոր այդ գյուղերում և մարզերում ստացել է եզդի ժողովրդի աջակցությունը, իսկ այստեղ հույսերն ու սպասելիքներն առավել քան մեծ են, քանի որ Ալագյազն իր ծննդավայրն ու հայրենի գյուղն է. «Ես մեծ հպարտություն զգացի, երբ տեսա թե ինձ այստեղ ինչ ոգևորությամբ են սպասում իմ հայրենի գյուղի ոչ միայն եզդիական համայնքի ներկայացուցիչները, այլև հայ ընկերներն ու համագյուղացիները, որոնց հետ ես անց եմ կացրել իմ մանկությունը»,- ասաց նա: Անդրադառնալով եզդիական համայնքի որոշ անձանց այլ քաղաքական ուժերին աջակցելուն, ինքը դրանից ոչ միայն չի անհանգստանում, այլ մեկ անգամ ևս կոչ է անում համերկրացիներին իրենց մեջ արթնացնելու թասիբն և արժանապատվություն, որ այդ օրը ճիշտ ընտրություն կատարել: «Իհարկե, յուրաքանչյուր անձի սահմանադրական իրավունքն է մասնակցել և ընտրել այս կամ այն քաղաքական գործչին, սակայն սիրելի արագածցիներ, դուք գիտեք, որ ես ձեզանից մեկն եմ, ով յուրաքանչյուր շաբաթվա իր հանգստյան օրերն անց է կացնում հենց այստեղ: Չեմ կարծում, որ կարող է գտնվել մեկը, ով կարող է բարձրաձայնել հարց, և ես իմ հնարավորությունների դեպքում չեմ օգնել կամ աջակցել մեկին, ով դրա անհրաժեշտությունն ունեցել է: Ես գիտեմ նաև, որ դուք բոլորդ մի մարդու պես ուզում եք ինձ սատարել, սակայն դուք ձեր ձայնը պետք է տաք ոչ թե ինձ, այլ ՀՀԿ-ին, որով կսատարեք նաև ինձ: Այսօր իսկապես եկել է ժամանակը համախմբվելու և միասնական ճիշտ որոշում կայացնելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, նոր չէ, որ ես պետք է շփվեմ ձեզ հետ և ասեմ, թե ինչ պետք է անենք: Ես վստահ եմ, որ դուք ինձ հետ եք և սատարում եք ինձ: Այսօր չպետք է լինի այն օրը, երբ ես եկել եմ այստեղ ձեզ սարեր-ձորեր խոստանալու, կամ ասելու՝ մեկ-երկու օրից ձեր խնդիրները շատ արագ կլուծվեն, բայց ես եկել եմ այստեղ ասելու, որ ես պատրաստ եմ Ձեզ՝ իմ աջակցությունն հետագայում էլ շարունակելու: Մենք գիտակցում ենք, որ այսօր ունենք շատ չլուծված խնդիրներ և պատրաստ ենք դրանք հետագայում ևս լուծել»,- շարունակեց նա:

Ինչ վերաբերում է լուրերին, թե թեկնածուն 2012թ. Խորհրդարանական ընտրություններում էլ առաջադրվել է ԲՀԿ համամասնական ցուցակով, նա պարզաբանեց, որ երբեք էլ չի թաքցնում, որ առաջադրված է եղել ԲՀԿ ցուցակով, սակայն հիմա առաջադրման առաջարկը ստացել է ՀՀԿ-ի կողմից: «Ես նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել, որ նախաձեռնող խմբի անդամներն առաջադրել են իմ թեկնածությունը, բայց հետագայում երբ իմացել եմ, սիրով ընդունել եմ: Մեր ժողովուրդը շատ իմաստուն է և գիտի, թե իրենք իրենց ընտրությունը ինչպես կարող են կատարել: Մեծ հպարտությամբ եմ ասում, որ շատ ու շատ հարցերում նախապատվությունը ես միշտ տվել եմ արագածցուն, առավել ևս՝ Ալագյազցուն: Ես հավաստիացնում եմ, որ ինչպես մինչ օրս, այնպես էլ դրանից հետո պատրաստ եմ օգնել ձեզ, իսկ բոլորիս մաղթում եմ հաղթանակ ու հաջողություն»,-ամփոփեց թեկնածուն:

Նախաձեռնող խմբի անդամներից Ռուստամ Բաքոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իրականում Ռուստամ Մախմուդյանն առաջադրվելու նպատակ չի ունեցել. <<Մենք` նախաձեռնող խմբի մի շարք անդամներս խնդրել և հորդորել ենք Ռուստամ Մախմուդյանին իր համաձայնությունը տալու առաջադրման մասով: Եզդիական համայնքի շրջանառվող մի քանի թեկնածուներից նախապատվությունը տվել ենք Ռուստամ Մախմուդյանին, որովհետև նա, վայելելով մեր համայնքի սերն ու հարգանքը, իսկապես արժանի է օրենսդիր մարմնում լինելու  համար` պայմանավորված նաև իրավաբանի իր մասնագիտությամբ, ով պատվով կներկայացնի մեր ազգը: Գալիք հինգ տարիներին նրան հեշտ աշխատանք չի սպասվում: Նա թողեց փափուկ դատավորի իր աթոռը և նախապատվությունը տվեց այդ ծանրաբեռնված աշխատանքին»,- եզրափակեց նա:

Ալագյազ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը ներկա էր նաև Նոր նորք վարչական շրջանի ՀՀԿ տարածքային կառույցի ներկայացուցիչ, ազգությամբ եզդի Ալիկ Շաբաբյանը: Ողջունելով ներկաներին՝ նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին անգամ եզդի ժողովրդին հնարավորություն է ընձեռվում մասնակցել ԱԺ ընտրություններին, իսկ դա նշանակում է, որ եզդիական համայնքն այսուհետ կկարողանա իր խնդրիների մասին բացահայտ ու ավելի շատ խոսել. «Ուրախ ենք, որ վերջապես հարյուր տարի հետո մենք նորից հնարավորություն ունեցանք մեր պատգամավորը ունենալ Խորհրդարանում, ում միջոցով մենք կկարողանանք մեր ազգին հուզող խնդրիների մասին խոսել ինչպես Ազգային ժողովում և միջազգային այլ կառույցներում: Մենք բոլորս սատարում և պաշտպանում ենք Ռուստամ Մախմուդյանին»,- ասաց նա՝ կոչ անելով իր ազգակիցներին ապրիլի երկուսին կատարել գիտակցված ընտրություն: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այսօր եզդիական համայնքի մեծամասնությունը սատարում է հենց այս թեկնածուին, որովհետև գտնում է, որ նա իսկապես արժանի է. «Մենք քեզ հետ ենք, հարգելի Մախմուդյան»,-հավելեց նա:

Ելույթ ունեցավ նաև եզդիական համայնքի հոգևոր դասի ներկայացուցիչ շեյխ Ռզա Ավդալյանը, ով իր խոսքում ընդգծեց, որ ՀՀԿ-ին սատարելու համար եզդի ժողովուրդն ունի շատ լուրջ պատճառներ. « ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը առաջինն էր, ով Իրաքի հյուսիսում կատարվող իրադարձությունները որակեց ցեղասպանություն և միջազգային բարձր ատյաններում բարձրաձայնեց այդ մասին: Նա էր, որ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հորդորեց դադարեցնել եզդի ժողովրդի կոտորածը: Իսկ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այդ կուսակցությունը կարողացավ իր մեջ ուժ գտնել ու փոփոխել Սահմանադրությունը, ինչի արդյունքում ազգային փոքրամասնություններին հնարավորություն տրվեց լինել 2017թ. խորհրդարանում: ԱԺ պատգամավոր դառնալու համար ես կարևորում եմ նաև թեկնածուի մտածողությունն ու կարողությունները, իսկ ես գիտեմ, որ Ռուստամ Մախմուդյանն օժտված է այդ առավելություններով: Նա շատ լավ խոսում է հայերեն և ունի իրաբանական կրթություն, ինչը շատ կարևոր է»,- շեշտեց բանախոսը:

Նշենք նաև, որ Ալագյազիների ոգևորությունն աշխուժացավ, երբ գյուղ ժամանեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Վերջինիս հետ հանդիպմանը գյուղացիներն իրենց հերթին էին առանձնահատուկ պատրաստվել. աղուհաց, ազգային երգ, պար…. մի խոսքով՝ ստեղծվել էր եզդիական ավանդական ու ազգային մշակութային մթնոլորտ: Հավաքվածներից մեկը դիմելով վարչապետին՝ կոչ արեց Ռուստամ Մախմուդյանին <<նշանակել>> պատգամավոր, որին ի պատասխան վարչապետն արձագանքեց, որ եթե ուզում են, որ Ռուստամ Մախմուդյանը դառնա պատգամավոր, ապա պետք է ձայնը տալ ՀՀԿ-ին. «Տատիկ ջան, Ռուստամին նշանակողը ես չեմ, այլ՝ դուք: Պարզապես պետք է ձեր ձայնը տաք ՀՀԿ-ին»,- ասաց նա: Մեկ ուրիշ կին էլ վարչապետին կոչ արեց գյուղում բացել եզդի ազատամարտիկի հուշարձան, որի խնդրանքը ևս վարչապետը չանտեսեց:

Ezidimedia.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

x

Check Also

Եզդիների Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Ստորև նշված է <<Եզդիների Կոնգրես>> միավորման դիրքորոշումը Էզդիխանայի պաշտպանության ուժերի (HPE – Hèza Parastina Ezdixan) ...